Այդ ժեստը, առաջին անգամ 2018-ին եմ արել․ միջազգային մրցաշարում ոսկե մեդալակիր

Օրերս Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Բռնցքամարտի միջազգային առաջնության ժամանակ, մեր երկրի կաշվե ձեռնոցի մարզիկները, փայլուն են հանդես եկել, նվաճելով 5 մեդալ, 4 ոսկե և 1 բրոնզե։ Ոսկե մեդալ են նվաճել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ, ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԸ և ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, իսկ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, վնասվածքի պատճառով, բավարարվել է բրոնզե մեդալով։ Մեր երիտասարդ բռնցքամարտիկները, այս միջազգային մրցաշարին մասնակցել են մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդանյանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ արդեն հայրենիք վերադարձած Եվրոպայի փոխչեմպիոն, այս միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած, 22-ամյա ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու իր հաղթանակը.

«Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք մենամարտ պիտի ունենայի։ Առաջին մենամարտում մրցակիցս տեղացի, հույն բռնցքամարտիկ էր, որին հաղթեցի։ Երկրորդ մենամարտում, մրցակիցս պիտի լիներ ազգությամբ ռումինացի մարզիկը, սակայն, նա հրաժարվեց մենամարտել ինձ հետ ու հաղթանակը ինձ շնորհվեց։ Եզրափակչում էլ մենամարտեցի Մոլդովայի ներկայացուցչի հետ, նրան ևս հաղթեցի։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել։ Կարող եմ առանձնացնել առաջին մենամարտը, հույն մարզիկի հետ, այն ավելի դժվար անցավ»։

– Ռաֆայել, իսկ ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը։

– Ավելի մեծ փորձ, հմտություն։

– Իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել։

– Հոկտեմբերի 7-ից, պիտի մասնակցենք Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը։

– Ռաֆայել, կպատմես, թե երբ սկսեցիր զբաղվել սպորտով։

– Բռնցքամարտով սկսել եմ հետաքրքրվել 4-րդ, 5-րդ դասարանից։ Որքան էլ զարմանալի թվա, սկզբից մայրիկս է ինձ մարզումների տարել։ Բայց, շուրջ 4 տարի պարապելուց հետո, թողեցի այս մարզաձևը ու չէի ուզում շարունակել։ Սակայն, այն ժամանակվա մարզիչս Վարդան Ներսիսյանը, կրկին վերադարձրեց ինձ բռնցքամարտ, 2014-ից կրկին սկսեցի պարապել։

– Հետաքրքիր է, հարազատներիդ մեջ կա՞ն մարզիկներ։

– Իհարկե, ծնողներս Սուսերամարտի ԽՍՀՄ չեմպիոններ են։ Երկար տարիներ այդ մարզաձևով են պարապել։

– Ռաֆայել, իսկ ինչ ես մտածում այն պահին, երբ ռինգ ես մտնում։

– Ռինգ եմ մտնում այն մտքով, որ անելու եմ այն, ինչին տիրապետում եմ լավ։

– Ռաֆայել, նկատել եմ, որ բոլոր մենամարտերում հաղթելուց հետո, միշտ զինվորական պատիվ ես տալիս։ Շատ հետաքրքիր է, թե ինչ խորհուրդ կա դրա մեջ։

– Այդ ժեստը, առաջին անգամ 2018-ին եմ արել։ Այդ տարի, Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը այնպես ստացվեց, որ հաջորդաբար պիտի մենամարտեի թուրք ու ադրբեջանցի մարզիկների հետ։ Երկուսին հերթով հաղթելուց հետո, առաջին անգամ այդ ժեստն արեցի։ Այդպես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր հաղթանակ նվիրում եմ մեր Հայոց բանակին։

– Ռաֆայել, քո երկրպագուներին էլ շատ հետաքրքիր կլինի այս հարցը, արդյոք զբաղված է քո սիրտը։

– Այո, զբաղված է ու ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընկերուհուս հետ։

– Իսկ ի՞նչ երազանք ունես։

– Երազում եմ նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

– Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

– Ես էլ եմ շատ շնորհակալ, որ չեք անտեսում ու մշտապես լուսաբանում եք մեր նվաճումների մասին։ Գիտեմ, որ մեր օրերում, բավականին դժվար է տպագիր թերթ պահելը, անխափան գործունեություն եմ մաղթում «Իրավունք» թերթին, միշտ հաղթական լուրեր լինեն Ձեր թերթի էջերում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Share This