ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են եւս մեկ նավի վերանվանման մասին՝ օվկիանոսագետ-կոնֆեդերատի հետ կապից ազատվելու համար, հայտնում է Fox News-ը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը կվերանվանեն օվկիանոսագրական հետազոտական USNS Maury նավը, որը կրում է Մեթյու Ֆոնթեյն Մորիի անունը։
Նա տասնամյակներ շարունակ հարգված սպա է եղել ԱՄՆ ռազմածովային ուժերում, մինչեւ քաղաքացիական պատերազմի սկիզբը, երբ հրաժարվել է կռվել իր հարազատ նահանգի դեմ եւ միացել է Համադաշնությանը:
USNS Maury-ը կվերանվանվի ի պատիվ 20-րդ դարի քարտեզագիր եւ օվկիանոսագետ Մարի Թարփի, որն առաջին անգամ քարտեզագրել է Ատլանտյան օվկիանոսի հատակը:
Ներկայումս սկսվել է ռազմական օբյեկտների, նավերի եւ այլ օբյեկտների՝ կոնֆեդերատներից ոգեշնչված անվանումները հեռացնելու եւ նոր անուններով կոչելու գործընթաց:
Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ սպառազինությունների ձեռքբերման եւ պահպանման հարցերով պաշտպանության փոխնախարար Ուիլյամ Լա Պլանտը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է առաջնորդվել անցյալ ամառ Օբյեկտների անվանակոչման հանձնաժողովի կողմից տրված վերանվանման առաջարկներով:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կոնֆեդերատների անունով բազաների անվանափոխությունը կատարվել է «Հարավում Ջիմ Քրոուի օրենքների ծաղկման ժամանակաշրջանում» (ռասայական տարանջատման մասին օրենքներ — խմբ.)՝ փորձելով ստանալ աջակցություն հարավցիներից՝ անտեսելով սեւամորթ զինվորականների շահերը։