Օրեր առաջ արցախցիները ավտոերթով շարժվել էին դեպի ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ փոխանցելու, որ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը պարզապես անգործության է մատնված և այն լարված իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում, վերջինիս չաշխատելու պատճառով է։
Մարտունու բնակիչ Վրեժ Բալասանյանը MediaHub-ին փոխանցեց, որ ակցիայի արդյունքում, իրականում, ոչինչ չի փոխվել, բայց իրենց պահանջը նույնն է՝ Վոլկովը պետք է Արցախից հեռանա։
«Մենք չենք ասում, որ ռուսը դուրս գա Արցախից, բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ տեղի կունենա, երբ խաղաղապահները հեռանան այստեղից։ Մենք Վոլկովի հրաժարականն ենք ուզում։ Վոլկովը ադրբեջանցի լրագրողներին մի հարցազրույց էր տվել, այնտեղ ասում էր՝ ռուս խաղաղապահները բոլոր փաստաթղթերում Արցախի բնակավայրերը գրում են ադրբեջանական անուններով։ Մենք, բնականաբար, չենք կարող ասել, թե ինչ կլինի, երբ հեռանա Վոլկովը, չգիտենք էլ ով կգա, բայց այն ժամանակ, երբ Մուրադովն էր այստեղ, իրավիճակն այսպես չէր. սա բացահայտ ադրբեջանամետ է»,-ասաց նա։
Բալասանյանի խոսքով՝ ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ դուրս գան ռուս խաղաղապահների դեմ, ըստ նրա ակնհայտ է՝ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ապա բոլորը ստիպված են լքել Արցախը։
Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, թե Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում Արցախի սահմանին, վերջինս պատասխանեց, որ հիմա ոչինչ ասել չի կարող։
«Բայց, իրավիճակը լարված է և վստահաբար ամեն րոպե Ադրբեջանի կողմից ինչ-որ գործողությունների վտանգ կա»,-ներկայացրեց Բալասանյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին հակառուսական տրամադրության ալիք բարձրացավ։
MediaHub-ի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչներից մեկը պատմեց, որ տագնապային իրավիճակում են և շրջափակման փաստն էլ ավելի է ծանր պահում մթնոլորտը։
«Չգիտենք՝ ինչ սպասել, չգիտենք, թե հավանական հարձակման դեպքում ինչ քայլերի ենք գնալու։ Միակ բանը, որ հիմա ուզում ենք՝ Արցախի իշխանությունը խելացի վարվի, փաստացի միայնակ ենք հիմա և որքան էլ աջակցության խոսքեր լսենք, կարդանք տարբեր երկրներից ու կառույցներից, գիտենք, որ մեկ է՝ մեր գլխի ճարը մենք պիտի տեսնենք»,-ներկայացրեց ստեփանակերտցին։