ԱԺ նախագահի հարցում իշխանությունը միասնական է․ ընդդիմությունը որքան էլ փորձի տարատեսակ աննպատակ նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու. Վահագն Ալեքսանյան

ԱԺ նախագահի հարցում իշխանությունը, բնականաբար, միասնական է, և ընդդիմությունը որքան էլ փորձի ինչ-որ էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով՝ տարատեսակ անպատեհ, ու, կարելի է ասել, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել Ալեն Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ և հարցին՝ իշխանությունը միասնակա՞ն է այն հարցում, որ Ալեն Սիմոնյանը պետք է շարունակի մնալ ԱԺ նախագահ

Այն դիտարկմանն էլ, թե ընդդիմությունը պնդում է, որ Սիմոնյանն անում է հայտարարություններ, որոնք միջազգային հարթակներում թուլացնում են ՀՀ դիրքերը, կողմնապահ վերաբերմունք է ցուցաբերում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, և հարցին՝ սրանք արդյո՞ք հիմք չեն, որ իշխանական մեծամասնությունը քվեարկի, ու նախագիծը քննարկվի լիագումար նիստին, իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց, թե իր կարծիքով՝ ԱԺ-ում շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու։

«Այդ հարցերը դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունը հունիսի 20-ից հետո զբաղված է շոուներ և փերֆորմանսներ բեմադրելով, և այս նախագիծն էլ օրակարգ բերելը այդ շոուների շարքից է»,-ասաց իշխանական պատգամավորը։

Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, ՀՀ-Ադրբեջան հնարավոր պայմանավորվածություններին՝ ՔՊ պատգամավորներից Էդուարդ Աղաջանյանը նշեց, թե վարչապետը հայտարարել է, որ 2018-ի դրությամբ բանակցային այն ժառանգության պայմաններում, որն այդ պահին առկա էր, որևէ գործնական կամ տեսական հնարավորություն չի եղել՝ Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս կարգավիճակում ունենալու, և որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման։ «Վարչապետն ընդդիմությանն առաջարկեց հստակ պատասխանել, թե իրենք ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկեին, որ այդ իրավիճակում խուսափեին պատերազմից։ Մենք մինչ այս պահը պատասխան չունենք»,-ասաց Աղաջանյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն առաջարկին, որ վարչապետը հրապարակային ներկայացնի բանակցությունների վերաբերյալ ինֆորմացիան՝ Աղաջանյանն ասաց, թե վարչապետն առաջարկել է փակ ձևաչափով հանդիպել ընդդիմադիրների հետ։

«Ըստ էության, ընդդիմադիրները խուսափում են փակ քննարկումից, որովհետև պարզ է, որ նմանատիպ տեղեկավտության քննարկումը պարունակելու է գաղտնի տեղեկություններ, հենց սրանով է պայմանավորված, որ ընդդիմադիրների կողմից մշտապես դրվում է բաց և հանրային քննարկման պայմանը»,-ասաց նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )