«Բանակը ես եմ » խորագրի ներքո Հանրապետության հրապարակում հավաք է մեկնարկել։ Քաղաքացիները Ազատ գյուղում օրերս տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Հավաքվածների պնդմամբ՝ ակցիան նախաձեռնել է «Հանրային ձայն» կուսակցությունը։
«Տվել կառավարության պատը քանդել են, ավիրել են, ասում են՝ նախկիններն են մեղավոր։ Վատ բան են անում, ասում, թե նախկինների ժամանակ դրանից ավելի վատ էր։ Եղբայր, ձեզ կանչել էին, որ մի բան անեիք, բայց դուք ոչինչ չարեցիք։ Այսօր բանակը դուք հասցրել եք կրախի առաջ, այլ բառ չկա։ Հիմա էլ խոսում են իտալական ինչ-որ մոդուլներից։ Լավ, հերիք է էլի արդեն ձեզ, հերիք է»,- իր ելույթում ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը։
«Ալիևը ընդեղից ասում է, որ Երևանը իրենցն է, Փաշինյանը ստեղից հայտարարում է, թե Ալիևը իր այդ հայտարարություններով փորձում է փչացնել խաղաղության պայմանագիրը։ Եղբայր, խաղաղության պայմանագիր գոյություն չունի, այդպիսի բան գոյություն ունենալ չի կարող, պարզապես չի կարող։ Ադրբեջանը ունի մեկ օրակարգ՝ վերցնել Երևանը ու հրի և սրի մատնել հայ ժողովրդին»,- հավելեց նա։