Facebook–ն ավստրալացի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել է տեղական և միջազգային նորություններ տարածելու հնարավորությունից

Facebook սոցիալական ցանցն ավստրալացի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել է տեղական և միջազգային նորություններ տարածելու հնարավորությունից։ Սա կապված է օրինագծի հետ, որն ընդունվելու դեպքում Facebook-ը, Google-ը և այլ հարթակներ ստիպված կլինեն լրատվամիջոցներին վճարել՝ իրենց բովանդակության համար: Այս մասին հայտնում է BBC–ին։

Facebook-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԶԼՄ-ներին և Ավստրալիայի բնակիչներին սոցիալական ցանցերում արգելվում է տեղադրել լրատվական հղումներ և դիտել տեղական և միջազգային նորությունները: Այլ երկրներում նույնպես սահմանափակված է ավստրալական լրատվամիջոցների բովանդակությունն ու դրանց հղումների հրապարակումը։

Ավստրալիայի կառավարությունը խստորեն քննադատել է այդ քայլը:

Միևնույն ժամանակ Google–ը, որը նախկինում դեմ էր օրինագծի կիրառմանը, այժմ սկսել է պայմանագրեր կնքել տեղական լրատվամիջոցների հետ՝ գումարի դիմաց դրանց բովանդակությունը հրապարակելու համար։

Ըստ Կանբերրայի համալսարանի, Ավստրալիայի բնակիչների առնվազն 39 տոկոսն իրենց նորությունները ստանում են Facebook-ի միջոցով:

Փորձագետ Ջեյմս Քլեյթոնը նշել է, որ ըստ ընկերության հայտնած տեղեկությունների, այն շատ չի վաստակում ավստրալիական լրատվամիջոցների նյութերի տարածման դիմաց, ինչն էլ հարց է առաջացնում, թե ինչու է քննարկվող օրինագիծն այդքան անհանգստացրել ընկերությանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, Ավստրալիայում քննարկվում է օրինագիծը, որով նախատեսվում է սոցիալական ցանցերից վճարներ գանձել՝  տեղական լրատվամիջոցների բովանդակությունը տարածելու դիմաց։

error20