21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով․ ՔԿ

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, անձնական հարցերը պարզաբանելու նպատակով, 21-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Պարոնյան փողոցում հանդիպել է մոր նախկին ընկերոջը: Վերջիններիս միջև խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո երիտասարդը, մտնելով նշված փողոցում գտնվող արագ սննդի կետ, խոհանոցից դանակ է վերցրել և վերադառնալով, 47-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է նրա կենսական կարևոր օրգանների՝ պարանոցի և ըմպանի հատվածին՝ պատճառելով պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ վնասվածք: Այնուհետև գիտակցելով նրան մահ պատճառելու իրական հնարավորությունը՝ անտարբերություն  է դրսևորել և նրան օգնություն ցույց տալու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

error20