2021 թ. բյուջեի բոլոր ծախսերը՝ բացի ռազմականից, պետք է վերագնահատվեն․ պետական համակարգը պետք է անցում կատարի առավելագույն խնայողության ռեժիմի. տնտեսագետ

2021 թ. բյուջեի նախագծում պատերազմական իրավիճակը որևէ կերպ հաշվի չի առնվել: Այսօրվա իրողություններին և մարտահրավերներին հակազդելու բյուջե պետք է ներկայացնել՝ հստակ ծրագրերով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Այն փաստաթուղթը, որը պատրաստվել է մինչև այժմ և ներկայացվել է ԱԺ, ուղղակի պետք է դիտարկվի այնքանով, որքանով ընդհանուր ծրագրային մոտեցումներն են: Այսինքն դա չի կարող լինել պետական բյուջեի առանցքը, այն բյուջեի, որը մենք պետք է ունենանք 2021 թվականին: Այս փաստաթուղթը պատերազմական իրավիճակը որևէ կերպ հաշվի չի առել և իրողությունները, որոնք արդեն կան, դրանք, ցավոք սրտի, բերելու են տնտեսական, սոցիալական էական հետևանքների: Այն անորոշությունները, որոնք շարունակվում են նույն այս պատերազմական իրավիճակով պայմանավորված, շատ իրական ռիսկեր են, որոնք պետք է ձևակերպել»,- նշեց նա:

Տնտեսագետի պատկերացմամբ՝ Կառավարությունը փորձում է մինչև պատերազմական վիճակը գրված բյուջեի նախագիծն ընդունել և հետագայում ռիսկերից կախված՝ վերաբաշխումներ կատարել: Թադևոս Ավետիսյանն այս մոտեցումն անընդունելի է համարում: «Ես չեմ հասկանում ֆինանսների նախարարի այն մոտեցումը, որ ասում է՝ ցանկացած օր այդ ռիսկերը շարունակվում են, այսինքն, անընդհատ են և, բնականաբար, եթե այդ ռիսկերը կան, անորոշություն է, ապա մենք անենք մի բան և գնանք առաջ: Այդպես չէ: Այդ անորոշությունները չկային, հիմա դրանք կան և այնպես չէ, որ մենք պետք է դրանց չդիտարկենք: Այսինքն, մենք պետք է ձևակերպենք այն ռիսկերը, որոնք գոնե այս պահին տեսանելի են: Հիմա պետք է ձևավորվի բոլորովին նոր, արդեն այս իրողություններով պայմանավորված փաստաթուղթ»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ բացի ռազմական, կենսագոյության համար նախատեսվող ծախսերից, մնացած բոլոր ուղղություններով նախատեսված գումարները պետք է վերագնահատվեն պատերազմի և դրա հետևանքների լույսի ներքո:

«Բոլոր ծրագրերի և նպատակայնությունը, և ծախսարդյունավետությունը պետք է գնահատվի: Այո, այն ծրագրերը, որոնք ցածր արդյունավետություն են ունեցել և որոնք կիսաձախողված են, իրավունք չունեն շարունակելու: Մենք իրավունք չունենք 1 դրամ ծախսել անորոշ մի ծրագրի վրա, որը մինչև վերջ հասկացված չէ»,- նշեց տնտեսագետը

Նրա խոսքով՝ պետական համակարգը ևս պետք է անցում կատարի առավելագույն խնայողության ռեժիմի: Մասնավորապես, խոսքը պարգևատրումների, գործուղումների, պետական մեքենաների, դրանց սպասարկումների համար նախատեսված ծախսերի մասին է:

«Մյուս կարևոր ուղղությունը հետևյալն է․ ոչ լիարժեք զբաղված բարձրաստիճան պաշտոնյաների հաստիքները, որոնք բազմաթիվ տեղեր ակներև են՝ 4, 5 տեղակալ և այլն: Նախարար կա՝ 20 խորհրդական ունի: Ուղղակի այստեղ պետք է գործի գիլյոտինը և վերջ»,- նկատեց նա:

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ 2021 թ. բյուջեն պետք է լինի գոյատևման և թռիչքային զարգացման բյուջե․ «Այս երկուսը մեկտեղվում են: Գոյատևման, որովհետև մեր տնտեսությունը, այդ թվում՝ պետական բյուջեն, ուղղակի պետք է որպես նյութական հիմք ծառայեն մեր գոյատևման խնդրին: Երկրորդը՝ մենք պետք է դնենք իրական նախադրյալներ, հիմքեր՝ թռիչքներ ապահովելու: Մենք չպետք է համակերպման բյուջե բերենք՝ տեսնենք ինչ կլինի, հետո ընթացիկ անընդհատ կփոխենք: Ոչ, մեր բյուջեում տեսլականը պետք է երևա: Այսօրվա իրողություններին և մարտահրավերների հակազդելու բյուջե պետք է բերենք, կոնկրետ ծրագրերով: Մենք պետք է գնանք նույն ռազմական կարգուկանոնով և այո, մեր տնտեսությունը, բյուջեն, ընդհանրապես պետական ծրագրերի կատարողական կարգապահությունը պետք է լինի առավելագույնս մոտ ռազմական կարգապահությանը»։

error20