ՍՈՐՈՍԻԿՆԵՐ, ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻՆ

Երեկ մի խումբ սորոսականներ հայտարարություն են տարածել, որով մի կողմից հակասահմանադրական են որակել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, իսկ մյուս կողմից ՀՀ վարչապետից պահանջել «զուսպ, հավասարակշռված եւ պատասխանատու լինել հրապարակային խոսքում եւ գործողություններում»: Հայտարարությունը, եթե մի պահ անտեսենք այն ստորագրած խայտառակությունների անձնական տվյալները, ինքնին բավականին պարկեշտ բառամթերքով  փաստաթուղթ է, որին, ինչ կա որ, կարելի է նաև անդրադառնալ: Օրինակ, ինչ արժե միայն այս միտքը. «Վերագնահատելով ստեղծված դրությունը՝ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ լինել շրջահայաց եւ պատասխանատու, անհապաղ սկսել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների գործընթաց եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու ժողովրդի ազատ եւ արդար կամարտահայտումը»: Սորոսական «երևելիները», ինչպես տեսնում եք, անհանգստացած են մեր երկրում ստեղծված իրավիճակով և ճանապարհ են մատնանշում այդ իրավիճակը հաղթահարելու համար՝ արտահերթ ընտրություններ: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանում բնադրած օտարասուն գրասենյակները այս նույն համառությամբ արտահերթ ընտրությունների պահանջ չէին ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հայտարարեց,  որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Այն, որ Փաշինյանը կեղծում էր, թե ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, սորոսականներին ամենևին չէր մտահոգում, և նրանք ուղղակի աչք էին փակում ընդդիմության առաջարկների վրա՝ նախ վարչապետի հրաժարական և հետո միայն ընտրություններ: Ահա և սորոսականների այս հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանց առաջին հերթին մտահոգում է վարչապետ Փաշինյանի մնալը և հետո միայն արտահերթ ընտրություններով իրավիճակի լիցքաթափումը:

Դե հիմա՝ չի ստացվում վարչապետի մնալը… ԳՇ-ն այնպիսի հայտարարություն չի արել, որ Փաշինյանը, նրա ձախողված թիմը և ՀՀ իշխանություններին կրնկակոխ հետևող մակաբույծ գրասենյակները կարողանան «պլստալ»: Եվ հիմա նրանք, տապալված տեսնելով իրենց պլան Ա-ն, այն է՝ Նիկոլին վարչապետի աթոռին հանդուգն կերպով պահելը, լծվել են պլան «Բ»-ին, այսինքն՝ հասնել Նիկոլով ընտրությունների: Կստացվի՞… հազիվ թե: Փաշինյանի պատգամավորները, որքան հասկացանք, սարսափում են արտահերթ ընտրությունների գաղափարից, անկախ այն բանից՝ նիկոլո՞վ, թե՞ առանց նիկոլի կանցկացվեն դրանք: Այդ մարդիկ, որոնք հաստատ տաքսի քշելիս կլինեին Երևանում, եթե հանկարծ պատգամավոր չդառնային, տապալում են նույնիսկ ԱԺ արտահերթ նիստերը, միայն թե անվստահություն չհայտնեն վարչապետին և արտահերթ ընտրություններ չկայանան:

ԳՇ շտաբի հայտարարությունը, ըստ էության, նաև այս ողջ խաժամուժին է վերաբերում: Քանզի ենթադրվում է, որ հատկապես ԳՇ պնդումով հրաժարականի պարտադրումից հետո ձախողված վարչապետը, իր թիմն ու սորոսական բազմաթիվ գոյացություններ որևէ կերպ չեն կարողանալու ազդեցություն ունենալ ՀՀ նոր իշխանության ձևավորման վրա: Փաշինյանն իսկույն հասկացավ դա և արդեն ցնցվող իր աթոռը պահելու համար դիմեց մի այնպիսի անհեթեթ քայլի, ինչպիսին հանրության երկու մասերն իրար դեմ հանելն էր: Իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ՝ նա կրկնեց արաբական մի շարք միապետների ճակատագրական սխալը և իրեն դատապարտեց անչափ տխուր հեռանկարի՝ փախուստ երկրից, կախաղան կամ խելագարություն բանտում: ԳՇ հայտարարությունը, որ Փաշինյանը շտապեց «հեղաշրջման փորձ» որակել և հակադրել ՀՀ սախմանադրությանը, հակակշռվեց բացահայտ հակասահմանադրական երթով, որ տխուր վերջաբան չունեցավ միայն այն պատճառով, որ ընդդիմության առաջնորդները Փաշինյանի հրաժարականը պահանջող հոծ բազմությանը մինչև վերջ պահեցին Ազատության հրապարակում և հետո միայն շարժվեցին Բաղրամյան փողոց՝ պատգամավորներից պահանջելով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և անվստահություն հայտնել ՀՀ ԶՈւ Գլխավոր շատբի կողմից այդ օրը մերժված վարչապետին:

Եվ նորից հարց սորոսական երևույթներին: Նախ՝ դուք ո՞վ եք, որ ռազմական դրության պայմաններում գնահատական տաք ՀՀ անվտանգության միակ երաշխավոր ՀՀ զինված ուժերի Գերագույն շտաբի քայլերին՝ քաղաքական են դրանք, քաղաքական չեն… Եվ ապա, դուք այդ ինչի՞ց եզրակացրեցիք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունը հակասահմանադրական է: Արդյոք, դուք ձեր այս հայտարարությամբ քիթներդ չե՞ք խոթում ՀՀ վարչապետի և Հայոց բանակի գործերի մեջ կամ ՀՀ զինված ուժերի և կառավարության արանքը: Հայաստանի Հանրապետությունը, կարծեմ, ունի նախագահ, ունի Սահմանադրական դատարան և բազմաթիվ իրավապահ կառույցներ, որոնք կորոշեն, թե ինչպես պետք է վարվել այս իրավիճակում: Այլապես շատ ծիծաղելի է, որ սորոսական կարկառուններն են այսպես առաջ ընկել ու որոշումներ են կայացնում, թե ինչ անեն ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՀ վարչապետը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն, պատրաստ լինել պաշտպանելու ժողովրդավարական սկզբունքները և սեփական ազատությունները»,- իրենց հայտարարության ավարտին գրում են Լևոն Բաղդասարյանը, Արթուր Սաքունցն ու մյուսները, որոնք ՀՀ քաղաքացիների կողմից արժանացել են «սորոսական թափթփուկներ» տիտղոսին: Ես այս խմբակին պարզապես կառաջարկեի լռել և պատրաստվել վատթարագույնին՝ մոռացության:

error20