Ուշացած քայլեր, ան­հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կան «խանդ». սահմանին լարվածության ֆոնին իշխանություններն զբաղված են միայն սեփական փիառով

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Չնայած Տավուշի ուղղությամբ մեր բանակը կարողացել է լուծել իր խնդիրը և հետ շպրտել հակառակորդին, հիմա էլ պահպանվում է շատ հարաբերական անդորրը, սակայն դժվար թե ադրբեջանական կողմը այս իրավիճակում հանդարտվի։ Եվ չեն բացառվում նոր սադրանքները թշնամու կողմից։ Դրա համար ցանկացած պահի պետք է պատրաստ լինել, որ իրավիճակը կարող է ընթանալ դեպի նոր սրացում։

Բայց հարցն այն է, որ պատրաստ պետք է լինի ոչ միայն մեր բանակը, այլև հասարակությունն ու սփյուռքը։ Ադրբեջանը միայն ռազմական դաշտում չէ, որ պայքարում է Հայաստանի դեմ։ Բաքուն փորձում է դիմակայության հարթակ դարձնել կիբերտարածությունը, սոցցանցերում ապատեղեկատվություն տարածել և օգտվել մեր հասարակության ներսում կուտակված ներքին ատելության մթնոլորտից։

Իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը ձգտում է գործի դնել դիվանագիտությունը, որը ենթադրում է միջազգային ասպարեզում հակահայկական արշավ։ Եվ արտերկրում որպես Հայաստանին ճնշող գործոն փորձ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական համայնքների շրջանում հայերի նկատմամբ ատելություն սերմանել և սադրանքներ հրահրել։

Այդ իսկ պատճառով էլ մենք աշխարհի տարբեր երկրներում ականատես ենք լինում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումների, որոնք վերածվում են անգամ ծեծկռտուքների։

Իսկ մինչ մոսկովյան առևտրի կենտրոնների և շուկաների ադրբեջանական ծագում ունեցող սեփականատերերը հրաժարվում էին հայկական ապրանքներից, հայ-ադրբեջանական սուր բախումներ տեղի ունեցան արդեն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում:

Եվ պատահական չէ, որ համացանցում տարածվում էին այնպիսի տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարձակվում հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի և մեքենայում նստած տղամարդու վրա, մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ հայհոյելով ծեծում մի տարեց մարդու և պահանջում, որ նա պատասխանի, թե ում է պատկանում Ղարաբաղը:

Բախումներ եղան նաև Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Եվ բացառված չէ, որ առաջիկայում հայ-ադրբեջանական բախումների նոր ալիքի ևս ականատես լինենք։ Իսկ այդ բախումները ավելի կսրեն հակասությունները հայերի և ադրբեջանցիների միջև։ Բաքուն դրանով իբր հույս ունի քողարկել մարտի դաշտում կրած իր պարտությունը և սեփական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել հայատյացության ուղղությամբ։

Փաստորեն իրավիճակը շատ ավել ի լուրջ է, քան կարելի է պատկերացնել, և Հայաստանի իշխանություններից հատուկ զգոնություն է պահանջում։ Այսպիսի իրադրության պայմաններում ողջ հայաստանյան հասարակությունը պետք է գործի համախմբված և միահամուռ ջանքերով։

Դասական ընդդիմության ներկայացուցիչները լավ են գիտակցում դրա կարևորությունը և փորձում են ամեն կերպ իրենց քայլերով օգտակար լինել պետությանը, բայց արի ու տես, որ իշխանություններն այս իրավիճակում իրենց բացթողումները պարտակելու համար հանրային և քաղաքական դաշտում դավաճանների են փնտրում՝ թիրախավորելով ընդդիմությանը։

Փոխանակ իշխանությունները փորձեն միասնության մթնոլորտ ստեղծել հանրության շրջանում ու պետության շահերին համապատասխան օգտագործել նաև ընդդիմության ներկայացուցիչների ներուժը, արտասահմանում ունեցած կապերը, զբաղված են միայն սեփական փիառով և անհասկանալի քաղաքական «խանդի» տեսարաններով։

Կաղում է նաև իշխանությունների կողմից սփյուռքի հետ աշխատանքը։ Փոխանակ սփյուռքի հետ աշխատանքներով զբաղվող կառույցները մշտական և հետևողական աշխատանք տանեն սփյուռքի մեր համայնքներում, միայն այն ժամանակ են սկսում գործել, այն էլ՝ ուշացած, երբ արդեն սփյուռքահայերի շահերին և իրավունքների պաշտպանությանը սպառնացող վտանգը հասնում է իր բարձրակետին

error20