Որտե՞ղ եք տեսել երկրի ղեկավար, որ մի քանի թիկնապահով, զորքով, զրահով չկարողանա իր երկրում տեղաշարժվել․ Փաշինյանին միահամուռ դուրս ենք շպրտելու իր աշխատասենյակից․ Միքայել Մելքումյան

Այսօր մենք կանգնելու ենք մինչև վերջ, որ երկրորդ հարկի աշխատասենյակից դուրս շպրտենք աթոռը գրկած անձին։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ցույց տալով Կառավարության շենքը։Փաստացի, նրա հրամաններն այլևս չեն կատարվում, նա այլևս վարչապետ չէ, մնում է՝ մենք ուղղակի տեխնիկապես ձևակերպենք այդ հարցը։ Որտե՞ղ եք տեսել երկրի ղեկավար, որ մի քանի թիկնապահներով, զորքով, զրահով չկարողանա իր երկրում տեղաշարժվել։ Դավաճանություն կատարած մարդը, որը հանձնել է երկրի մեկ երրորդից ավելին, ո՞նց է ընդհանրապես շնչում»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը ոտքի է կանգնել, և դա արհեստական չէ, «Ժողովուրդն իր զգայարաններով զգում է, որ տեղի է ունեցել այն, ինչը չպետք է տեղի ունենար։ Հայաստանի Հանրապետությունը փորձում են ջնջել աշխարհի քաղաքական քարտեզից, մենք դա թույլ չենք տալու։ Փաշինյանին միահամուռ դուրս ենք շպրտելու աշխատասենյակից»,-հայտարարեց Մելքումյանը։

Նա նշեց, թե չի զարմանա, եթե կարճ ժամանակ անց հայտնի դառնա, որ հանրապետության գանձարանում մեկ լումա չկա։

«Որևէ մեկն այսօր չգիտի, թե ինչպես է տնտեսությունը և սոցիալական կյանքը գահավիժում, արդյո՞ք մենք կարողանալու ենք 1-2 ամիս հետո թոշակները և աշխատավարձերը տալ։ Եթե մի ղեկավար չգիտի՝ սահմանազատումն ինչ է, վարչատարածքային բաժանման օրենքն ինչ է, տարրական գիտելիք չունի, անգրագետ է։ Նա իր հորջորջած քաղաքական հեղափոխությունից հետո ամբողջ հայրենիքը դրել է ստի և կեղծիքի հիմքի վրա»,-ասաց նա։

Դիմելով ներդրողներին՝ Մելքումյանը հորդորեց չհուսահատվել և ներդրումները հետ չտանել, քանի որ կգա նոր իշխանություն, և ամեն ինչ կկարգավորվի։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

error20