ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ ԿՐԻԱ

Կրիաների հետ կապված ամեն ինչ մեզ թվում է մի տեսակ դանդաղ և դժվար… Բայց կա մի բան, որ բոլորովին էլ դանդաղ և դժվար չէ: Ա՛յ եթե հենց հիմա շտապես լվանալ ձեռքերդ, մենք միասին կպատրաստենք տորթ կրիա:
Ի՞նչ է մեզ հարկավոր խմորի համար՝
400 գր թթվասեր
200 գր կարագ
6 ձու
400 գր շաքարավազ
600 գր ալյուր
2 թեյի գդալ սոդա
Վանիլին
Ինչպե՞ս պատրաստել՝

Նախ կհարենք կարագն ու շաքարավազը, իսկ հետո հերթականությամբ կավելացնենք թթվասերը, ձուն, սոդան, ալյուրն ու վանիլինը: Հիմա մեզ անհրաժեշտ է կլոր կաթսա, որպեսզի ստացված զանգվածը լցնենք այդտեղ: Մնաց վառենք գազօջախն ու կաթսան դնենք վրան: Միայն թե կրակը պետք է թույլ լինի: Եվ հանկարծ մտքովդ չանցնի խմորը եփելու ընթացքում կափարիչը բաց անել, թե չէ ամեն ինչ ջուրը կընկնի: Թող այն մնա կրակին մոտավորապես 60-70 րոպե, իսկ մինչ այդ մենք կպատրաստենք կրեմը:
Ի՞նչ է մեզ հարկավոր կրեմը պատրաստելու համար՝

1 տուփ խտացրած կաթ
200 գր կարագ
Վանիլին
Ինչպե՞ս պատրաստել՝
Կրեմ պատրաստելն ավելի հեշտ է: Ընդամենը պետք է հարել կարագը, ավելացնել խտացրած կաթն ու վանիլինը:
Կարծես թե ամեն ինչ պատրաստ է բացի ամենագլխավորից. մեզ անհրաժեշտ են կիվիներ՝ տորթը ձևավորելու համար: Այնպես որ սկսենք կտրատել կիվիները:
Ինչպե՞ս ձևավորել
Պատրաստի խմորը կբաժանենք երկու մասի: Տակի շերտի վրա կքսենք կրեմն ու կդնենք շերտատված կիվիները: Խմորի մյուս մասը կդնենք վրան և ամբողջ տորթը կպատենք կրեմով՝ բոլո՜ր-բոլո՜ր կողմերից: Կիվիների օգնությամբ էլ կպատրաստենք կրիայի պատյանը, գլխիկը, ոտքերն ու պոչիկը:
Ահա և իսկական ժամանակն է համտեսել կրիային: Բարի ախորժակ…

error20