Ճապոնիայի իշխող կուսակցությունը կանանց առաջարկել է մասնակցել առանցքային նիստերին, <<սակայն չխոսել դրանց ընթացքում>>

Ի պատասխան այն քննադատություններին, որ Ճապոնիայի իշխող կուսակցության վարչությունում գերակշռում են տղամարդիկ, կուսակցությունը հայտարարել է, որ ցանկանում է՝ առանցքային հանդիպումներին ներգրավել նաև կանանց, բայց միայն այն պայմանով, «որ նրանք չխոսեն», գրում է Reuters-ը։

Գործակալությունը մանրամասնում է, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է նոր ծրագիր, որը թույլ է տալիս 5 կին քաղաքական գործիչներին որպես դիտորդ մասնակցել կուսակցության առանցքային նիստերին:

Կուսակցության 82-ամյա գլխավոր քարտուղար Թոսիհիրո Նիկայը երեքշաբթի հայտարարել է, որ լսել է քննադատությունների մասին։ Նրա խոսքով՝ կուսակցության կին անդամների ներկայությունը կարևոր է, սակայն կին դիտորդները չեն կարող ելույթ ունենալ նիստերի ժամանակ․ դրա փոխարեն կարող են առանձին ներկայացնել իրենց կարծիքները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի 83-ամյա նախագահ Յոշիրո Մորին «կանայք չափից շատ են խոսում» արտահայտության և դրան հաջորդած քննադատությունների տարափի ֆոնին հրաժարական էր տվել։

Ավելի ուշ հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել էր, որ կինը, դուստրն ու թոռնուհին իր արտահայտությունների պատճառով իրեն «նեղն են գցել»։

Նա նաև խոստովանել էր, որ իր մեկնաբանությունները միանգամայն «անտեղի» էին և հակասում էին «օլիմպիական ոգուն»:

«Խորապես զղջում եմ և ցանկանում եմ հետ վերցնել խոսքերս»,- հավելել էր նա։

error20