Ձայնազուրկ տղամարդկանց իշխանություն

Իմ տեսած ամենատխուր տեսարանը խոսքի իրավունքից զրկված տղամարդն է: Բոլորս ճանաչում ենք այնպիսի ընտանիքներ, որտեղ հարցերին պատասխանում է կինը:
-Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ:
-Մենք այս տարի որոշել ենք Վրաստան գնալ:
-Ո՞ր դպրոցն եք ընտրել:
-Մենք մտածում ենք Պուշկին տալ:

Այսպիսի ընտանիքները քիչ չեն, ու միշտ պարզ է՝ այդ «մենք որոշելը» ով է որոշում: Նման դեպքերում միշտ մտածում եմ, որ մարդիկ երկար տարիներ իրար հետ են և երևի հասկացել են՝ ով է ավելի ճիշտ որոշումներ կայացնում ու բաժանել դերերը:
Եթե ընտանիքի դեպքում սա հասկանալի, չնայած ոչ այնքան հաճելի իրավիճակ է, ապա պաշտոնատար անձի դեպքում բացարձակ անհասկանալի է: Խոսում եմ կարևոր ոլորտի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի հետ, հրավիրում հարցազրույցի: Իր կատարած աշխատանքը հանրությանը կարևոր և անհրաժեշտ է, հետևաբար խոսել ու պատմելը ոչ միայն օգուտ կտա, այլև հետաքրքիր կլինի:
Հասուն տղամարդը` պաշտոնյան, փոքրիկ երեխայի պես կախում է գլուխը ու չի կարողանում նայել աչքերիս: Մի կերպ ամաչելով ասում է, որ իրեն թույլ չեն տալիս մեզ հարցազրույց տալ: Առաջին միտքը` մտածում եմ վերադասի մասին է խոսքը, բայց պարզվում է՝ ոչ: խոսնակն է փակել բոլորի բերանը ու որոշում է, թե ով ում հետ իրավունք ունի խոսելու :Զարմանքիս չափ ու սահման չկա, պարզ է, որ խոսնակը ոլորտի մասնագետ չէ, պարզ է, որ մարդը իր կատարած աշխատանքի համար է պատասխանատու, պարզ է, որ եթե պաշտոնյան ձախողվեց՝ խոսնակը ոչ մի կաթիլ չի տուժելու:
Սա դեռ մի կողմ, բայց մարդիկ իր արած լավ աշխատանքը ներկայացնելով են աճում, կարիերա անում, առաջ գնում, ստացվում է, որ խոսնակը անգամ այդ հնարավորությունից է զրկում: Այսքանից հետո չեմ կարող մի երկու բառ չգրել խոսնակի մասին, դե եթե ոլորտում երկարամյա փորձ ունեցող մեծ հաջողություններ ունեցած խոսնակ է միգուցե մի բա՞ն գիտի. ոչ, իհարկե:
Խոսնակը մի միջակ կրթության ու ուղեղի տեր մարդ է, ով կարծում է, որ խոսնակի գործառույթը տեղեկատվության սահմանափակումն է և լրատվամիջոցներին յուրայիններին ու թշնամիներին բաժանելը: Այս «խոսնակը» ըստ երևույթին անգամ պաշտոնական պարտականությունների մասին տեղեկություն չի կարդացել, կամ կարդացել չի յուրացրել, քանի որ պարզ է, որ խոսնակի միակ ֆունկցիան հանրությանը հետաքրքրող տեղեկատվության օպերատիվ տրամադրումն է:
Ստացվում է՝ մենք ունենք իշխանություն, ում ձայնի իրավունքից ու սեփական աշխատանքի համար պատասխան տալու հնարավորությունից զրկել են միջակ, ոչ մի բանով աչքի չընկնող «խոսնակները», իսկ սա իմ տեսած ամենատխուր բանն է :

error20