Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

Կետո-դիետան, որը հայտնի է եղել դեռ Հին Հունաստանում, շարունակում է իր հաղթական կենսագրությունը նաեւ այսօր, եւ դեռ ապագայում էլ կշարունակի պահպանել իր գրավչությունը։ Դիետան սակայն ունի բավականին շատ ուղեկցող երեւույթներ։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս դիետան պահպանողների համար առաջնահերթ նպատակ հանդիսացող նիհարումը նույնպես հանդիսանում է դիետայի ուղեկցող երեւույթ։

Այս դիետան հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը սկսեցին պատմել վերջինիս հրաշագործ հատկությունների մասին։ Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը խորհուրդ տվեց այդ դիետան այն բանից հետո, երբ նիհարեց այն պահելով 27 կիլոգրամով։ Իսկ թոփ մոդել Ադրիանա Լիման եւ արտիստուհի Հոլլի Բերրին այս դիետան վերածել են կենսակերպի։

Դիետան այո, հնարավորություն տալիս է նիհարել ռեկորդային կարճ ժամանակում, սնվելով ընդ որում համեղ ու կալորիաներով հարուստ ստնունդով։

Կետո-դիետայի իմաստն այն է, որ սննդակարգից բացառվեն ածխաջրերը։ Դրանց անբավարարության պայմաններում օրգանիզմը սկսում է քայքայել ճարպերը, որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր։ Լյարդը սկսում է արտադրել կետոններ, որոնք օգնում են ուղեղի նորմալ աշխատանքին։ Հենց այստեղից էլ դիետան ստացել է իր անվանումը՝ կետո-դիետա։ Ճարպերը կետոգեն դիետայում անհրաժեշտ են չափազանց շատ, քանի որ օրգանիզմը էներգիայի այլ աղբյուր չունի։ Տապակած միս, ավոկադո, յուղ, պանիրների տեսականի, սոուսներ, ձու, ձկնեղեն․ ահա այն բազան, որի վրա հիմնված է կետո-սննդակարգը։ Բանջարեղենների քանակն այս ճաշացանկում քիչ են, ուստի, եթե մարդը բուսակեր է, ապա այս դիետային հետեւելը նրա համար չափազանց բարդ կլինի։

Դիետան բարդ կլինի պահպանելը նաեւ ալկոհոլի սիրահարների համար, քանի որ կետո-սննդակարգում այն բացառվելու է։ Մասնագետները նշում են, որ կետո-դիետային պետք է վերաբերվել չափազանց ուշադիր, քանի որ՝ նախ անհրաժեշտ է սննդակարգը պլանավորել այնպես, որպեսզի հնարավոր լինի օրգանիզմի համար ապահովել բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը՝ առանց ածխաջրերի։

Սա իրականում այնքան էլ հեշտ բան չէ։ Վիտամին С-ն, օրինակ, պարունակվում է հիմնականում մրգերի եւ որոշ բանջարեղենների մեջ, իսկ հատիկեղենից հրաժարումով, օրհանիզմն իրեն զրկելու է մեծ քանակությամբ վիտամին B-ից եւ երկաթից։ Բացի այդ, այն բարդ է նաեւ նրանով, որ աչքի է ընկնում իր խստությամբ։ Եթե սովորական նիհարեցման ժամանակ մեկ կոնֆետից դժվար թե կազմվածքը փչանա, ապա կետո-դիետայի ժամանակ մեկ կոնֆետը կարող է լրջորեն փչացնել ներդրված ջանքերը։ Որպեսզի օրգանիզմը կետոզային վիճակից դուրս չգա, անհրաժեշտ է օրական օգտագործել 20 գրամից պակաս ածխաջուր, ուստիեւ ցանկացած սխալ քայլ կարող է բերել քաշի ավելացման։

Հաջորդ բարդությունն առաջանում է, երբ օրգանիզմը անցնում է կետոզային վիճակի։ Մեծավ մասամբ այս դեպքում մարդկանց մոտ կարող է առաջանալ այսպես կոչված կետո-գրիպ, որի հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, թուլությունը, գլխացավը, սրտխառնոցը, նյարդայնացածությունը։ Նման անցումը կարող է տեւել մինչեւ հինգ օր, որից հետո արդեն սկսվելու է ուժերի ներհոսք, ուշադրության կենտրոնացումը եւ ցանկալի քաշի նվազում։ Որոշ մարդկանց մոտ, իհարկե, հնարավոր է կետո-գրիպ չլինի, կամ էլ արտահայտվի թեթեւ կերպով։ Սննդաբանները խորհուրդ են տալիս չվախենալ նման վիճակից եւ հնարավորինս շատ աղաջուր խմել՝ ախտանշանները մեղմելու համար։ Երբ սկսվում է անցումը, սկսում են օգտագործվել ոչ միայն կիրառվող ճարպերը, այլ նաեւ այն ճարպերը, որոնք այսպես ասած «պահեստավորվել էին սեւ օրվա համար»։ Սրանով է պայմանավորված արագ նիհարելը։ Միջինը կետո-դիետան թույլ է տալիս նիհարել շաբաթական մեկ կիլոգրամ։ Սակայն նիհարելը դիետային միայն մեկ էֆեկտն է։

Ինչպես եւ արդեն նշել էինք, այս դիետան հայտնի է եղել դեռեւս Հին Հունաստանում, իսկ ամերիկյան մայրցամաք այն անցել է անցյալ դարի 20-ական թվականներին ու սկսել լայն տարածում ստանալ։ Նախապես կետո-դիետան մշակված է եղել էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժման համար։ Եթե հակաէպիլեպսիկ դեղամիջոցները չեն օգնում նոպաները կանգնեցնելու համար, սովորաբար նշանակվում է կետո-դիետա։ Երբ օրգանիզմում ավելանում է կետոնների քանակը՝ ի հաշիվ քաղցած մնալու կամ գլյուկոզայի բացակայության, նվազում է նոպաների հաճախականությունը։ Այն նաեւ օգնում է երկրորդ տիպի դիաբետով հիվանդներին։ Իհարկե, եթե կա ցանկություն, կարելի է նիհարել նաեւ այս դիետայի օգնությամբ։

Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ կան բազմաթիվ ուղեկցող՝ ոչ այնքան հաճելի երեւույթներ։ Շատ բժիշկներ այսօր նշում են, որ կետո-դիետայի համար նիհարելը ոչ թե բուն նպատակն է, այլ ուղեկցող երեւույթներից մեկը։ Որոշ դեպքերում կետոնները հեռացնելով օրգանիզմից ավելորդ ջուրը եւ մաքրելով օրգանիզմը տոքսիններից, հասնում են այն բանից, որ ալերգիկ ցանն ու սեւ կորյակները /ակնե/ նույնպես վերանում են։ Սակայն ամեն բան չէ, որ այդքան հրաշալի է կետո-դիետայի դեպքում։ Նախ եւ առաջ, այս դիետան կարող է առաջացնել լուրջ երիկամային խնդիրներ, կապված այն բանի հետ, որ օրգանիզմի այսպես ասած «ջրահեռացման համակարգում» որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Շատ ավելի վտանգավոր են առիթմիաները, որոնք առաջանում են էլեկտրոլիտների նվազման հետեւանքով։

Վանող ուղեկցող էֆեկտ է նաեւ բերանում ացետոնի հոտի առկայությունը, որն առաջանում է լյարդի կողմից որոշակի նյութերի քայքայման պրոցեսի արդյունքում։ Իհարկե, կան նաեւ բազմաթիվ այլ ուղեկցող էֆեկտներ, ինչպիսիք են՝ աղեստամոքսային տրակտի ֆունկցիայի խանգարումը, քնի խանգարումը /թե տեւողության եւ թե որակի/, ոսկրային համակարգի թուլացումը։ Ամենից կարեւոր խնդիրն այն է, որ այս դիետան ժամանակավոր չէ, եւ եթե սկսել է մարդը սնվել այս սննդակարգով, ապա մշտապես պետք է հետեւի այդ սննդակարգին, որովհետեւ հենց որ դադարեցնում է մարդը այս դիետայով սնվելը, օրգանիզմում վերականգնվում են սովորական պրոցեսները, եւ սկսվում է ածխաջրերի կուտակումը, ինչն էլ բերում է նրան, որ կորցրած քաշի մեծ մասը հիմնականում վերականգնվում է։

Որոշ սննդաբաններ առաջարկում են կետո-դիետայի փոխարեն օրինակ օրը բաժանել երկու մասի, որից ութ ժամվա ընթացքում ուտելը լինելու է թույլատրելի, իսկ մյուս 16 ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել միայն հեղուկներ, կամ էլ փոքր չափաբաժնով ուտել այնպիսի սնունդ, որտեղ ածխաջրեր չեն պարունակվում։ Սկզբունքը բավականին նման է կետո-դիետային, սակայն այն շատ ավելի անվտանգ է առողջության համար։

 

error20