Կառավարության որոշումը դիմակ դնելու պահանջի մասով վերալիազորում է մեկ այլ մարմնի՝ առողջապահության նախարարությանը. դա հակասում է թե՛ Սահմանադրությանը և թե՛ լիազորող օրենքներին. Ռ. Մելիքյան

Արտակարգ դրության վերջնաժամկետից րոպեներ առաջ հրապարակված՝ կառավարության 1514-Ն որոշման ուսումնասիրումը ունակ է ընկճախտի մեջ ընկղմել անգամ ամուր նյարդեր ունեցող իրավաբաններին։ Այն պարզապես իրավաբանական փնթիության միջմայրցամաքային ռեկորդակիր է։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա մասնավորապես նշել է.
«Այսպես,

1) Կառավարության որոշման 4-րդ կետի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես։ Մինչդեռ համաձայն Նորմատիվ-իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը ՀԱՋՈՐԴՈՂ օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:»։ Իսկ համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի՝ «Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:»։ Կառավարության սույն որոշումը օրենք չէ և պայմանավորված չէ ռազմական կամ արտակարգ դրությամբ (հակառակը՝ պայմանավորված է արտակարգ դրության ավարտով)։ Հետևաբար, այն ՉԷՐ ԿԱՐՈՂ ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո անմիջապես, այլ ամենաշուտը՝ հրապարակման հաջորդ օրը։ Միևնույն ժամանակ, համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»։ Թերևս եթե մենք որևէ իրավական արժեք ենք տալիս այս որոշմանը, ապա պետք է կիրառել հենց այս կանոնը և համարել, որ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման 10-րդ օրը։
2) Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են ՕՐԵՆՔՈՎ ԼԻԱԶՈՐՎԵԼ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:»։ Համապատասխան օրենքներում լիազորվել է ՀՀ կառավարությունը, մինչդեռ առանձին դեպքերում (օրինակ՝ դիմակ դնելու պահանջի մասով) Կառավարության 1514-Ն որոշումը, շրջանցելով օրենքը, վերալիազորում է մեկ այլ մարմնի՝ Առողջապահության նախարարությանը։ Դա հակասում է թե՛ Սահմանադրությանը և թե՛ լիազորող օրենքներին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվեց կարանտին:

error20