Ի ՍՐՏԵ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ․ ԱՐՑԱԽԻ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի ԱԺ խմբակցություններն ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով։«Սիրելի΄ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ:
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով:

1988 թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սեւեռակետը:

Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց եւ իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով եւ լիցքով:
Արցախը վերարժեւորեց հայի արժանապատվությունը եւ ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլեւս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային:

Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր է յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն: Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ:

2020 թվականի արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հայրենիքի 3 քառորդը եւ մի ողջ սերունդ: Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի եւ մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է թույլ տա մեզ ընկրկելու:
Ժամն է վերակազմակերպվելու, վերարժեւորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան թերաժեւորել մեզ եւ ոտնահարել մեր իրավունքները:

Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա եւ մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու եւ կերտելու ենք մեր հաղթական ապագան:
Կրկին շնորհավորելով բոլորիս հիշարժան տոնի կապակցությամբ ՝մաղթում ենք խաղաղություն, բարօրություն եւ հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի եւ Արցախի Հանրապետության:

Թո΄ղ փետրվարյան զարթոնքի օրերը նոր վերածննդի էջ բացեն Արցախի պատմության հերոսական մատյանում»:

error20