Իրավապահ համակարգում զարմացած են. Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը զբաղված է եղել միայն ներկա և նախկին պաշտոնյաներին ԱԺ հրավիրելով և նույնաբովանդակ հարցեր ուղղելով

«Մինչ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգա­մանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքներ են իրականացնում հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը պատրաստելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից: Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում հանձ­նաժողովի անդամները զբաղված են եղել միայն ներկա և նախկին պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելով և նրանց նույնաբովանդակ հարցեր ուղղելով:

Նրանք իրավապահ համակարգին հարցումներ չեն ուղարկել՝ բավարարվելով միայն Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս իրավապահ կառույցներից մեկում ներքին քննարկումներ են եղել այդ հանձնաժողովի աշխատանքի մասին, և տարակուսանք են հայտնել, թե այդպես էլ որևէ հարցում չեն ստացել, ու հետաքրքիր է` ինչու:

Հետաքրքիր է` ԱԺ հանձնաժողովին ինչու չեն հետաքրքրել` արդյոք իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցե՞լ են, օրինակ, սպառազինությունների մատակարար­ման, դիրքերի կահավորման բացթողումների մասով, և ինչեր են հայտնաբերել այդ քրգործերի շրջանակում: Պարզվում է` հետաքրքիր տեղեկություններ են ուժայիններում, այնուամենայնիվ, կան: Բայց հիմա հանձնաժողովի իրավաբանական թևը և պատգամավորներն առանձին-առանձին ամփոփիչ փաստաթղթեր են պատրաստում, որոնք հետագայում կհամադրվեն:
Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողով հրավիրվեցին 2010 թվականին կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լևոն Մնացականյանը և այլք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժեց հանձնաժողովի հրավերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

error20