<<Հարաբերությունների սրացումն անխուսափելի է>>. ինչպես են հեղինակավոր լրատվամիջոցներն արձագանքել Պուտինի՝ Բայդենին տված պատասխանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որն օրերս քննադատել էր իրեն: Ռուս առաջնորդն իր գործընկերոջը նախևառաջ առողջություն է մաղթել, ապա ընդգծել, որ ով ինչպես ուրիշին վիրավորում է, հենց ինքն է այդպիսին:

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես ինքն է ասել, անձամբ ծանոթ ենք: Ի՞նչ կպատասխանեմ նրան: Ես նրան կասեի՝ առողջ եղի՛ր: Նրան առողջություն եմ մաղթում»,- ասել է Պուտինը:

Պուտինի այս պատասխանը բուռն արձագանք է առաջացրել լրատվականներում: Արևմտյան լրատվամիջոցները նախագահի խոսքերը մեկնաբանել են երկակի:

Ստորև ներկայացնում ենք արևմտյան լրատվամիջոցները տարբեր արձագանքները, որոնցում ներկայացվում է, թե ինչպես են ընկալվել Պուտինի խոսքերը:

«Բառերը հրթիռների պես են թռչում Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև: Պուտինը մարտահրավեր է նետել Բայդենին՝ առաջարկելով ուղիղ եթերում հանդիպել՝ մի շարք հարցեր քննարկելու համար: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի ղեկավարը կկարողանա գերազանցել «քնկոտ Ջո» մականունով հայտնի իր մրցակցին: Սակայն այս իրավիճակը, որպես ամբողջություն, ցույց է տալիս, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են վատագույն մակարդակին:

Այս նոր «վիրավորանքի դիվանագիտությունը» ԱՄՆ քաղաքականության մեջ աննախադեպ չէ: Մասնավորապես, նախագահ Ջորջ Բուշ կրտսերն Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադին անվանել էր «բռնակալ», իսկ Կիմ Չեն Ընին՝ «խոճկոր»: Նրա հայրը՝ Ջորջ Բուշը, Պանամայի նախագահ Մանուել Նորիեգային էր անվանել «համաշխարհային հանցագործ»,- գրում է CNN-ը:

Fox News-ը նշում է, որ Ռուսաստանի առաջնորդն անսպասելի քայլի է դիմել, և այժմ Բայդենը թակարդում է:

«Ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինն անմիջապես բանավեճի կոչ արել Բայդենին՝ առանց նախապատրաստվելու ժամանակ տալու: Երբ համեմատում ես Բայդենին 2012 և 2016 թվականներին, դրանք երկու տարբեր մարդիկ են: Նա այժմ շատ թույլ, փխրուն և հաճախ շփոթված է թվում, և, այո, տառապում է ճանաչողական խանգարումներից: Դա ակնհայտ է»,- վստահեցրել է հեռուստաալիքի հաղորդավար Շոն Հաննին:

Բացի այդ, նրա կարծիքով՝ եթե Բայդենը մասնակցի բանավեճին, դա նվաստացուցիչ կլինի ԱՄՆ-ի համար, քանի որ ամերիկացի առաջնորդը չի կարողանա առճակատվել իր գործընկերոջ հետ:

«Բայդենն այժմ փակուղում է: Ամերիկացի նախագահը չի կարող թաքնվել նկուղում և անտեսել Ռուսաստանի ղեկավարին, և եթե նա համաձայնի մասնակցել բանավեճին, նա չի կարողանա պատասխանել բարդ հարցերի»,- շեշտել է լրատվամիջոցի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Der Spiegel-ին, ապա գերմանական պարբերականը նշում է, որ Բայդենը պաշտոնավարում է արդեն երկու ամիս, իսկ Պուտինի հետ նրա հարաբերություններն արդեն իսկ հասել են խորը ճգնաժամի: Այնուամենայնիվ, թերթը նկատում է՝ նրա կոշտ դիմակայության ընթացքը հաջողության չի հանգեցնի:

«Ռուսաստանը չափազանց մեծ և ազդեցիկ պետություն է իր հետ կառուցողական փոխգործակցությունը լիովին բացառելու համար: Բացի այդ, Պուտինն իր պատասխանով ցույց է տվել, որ պատրաստ է երկխոսության: Եթե նախկինում ՌԴ ղեկավարը սովորաբար արձագանքում էր Վաշինգտոնին քայլերին՝ հակաքայլերով ճնշելով, որի հետևանքով երկու երկրների հարաբերությունները վատթարանում էին, այժմ նա ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է փոխգործակցության»,- ընդգծել է լրատվամիջոցը:

Իր հերթին, ABC News-ը շեշտել է, որ Պուտինը Բայդենին պատասխանել է հումորով՝ «ի տարբերություն Ռուսաստանի այլ պաշտոնյաների, որոնք ստեղծված իրավիճակին արձագանքել էին վրդովմունքով»:

Միևնույն ժամանակ, հրատարակությունը գրում է, որ դժվար թե ամերիկացի առաջնորդը համաձայնի մասնակցել բանավեճին:

«Սպիտակ տան այն հայտարարությունը, թե նախագահն առաջիկա օրերին զբաղված է լինելու, և հենց իր՝ Բայդենի արձագանքն այս առնչությամբ ,այս ամենը պնդելու տեղիք են տալիս»,- նկատում է լրատվամիջոցը, հիշեցնելով՝ օրերս մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը հրաժարվել էր պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը համաձայն է Պուտինի հետ բանավեճի գնալ և լքել էր դահլիճը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան էր տվել, ինչպես նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին, իբր, միջամտելու համար:

error20