Ինչո՞ւ են Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը հենց երեկ արձակուրդ վերցրել

ԲՀԿ-ի դիմումը մուտք արվել է ԱԴ աշխատակազմ, բայց դեռ վարույթ չի ընդունվել։ Այս մասին այսօր Hraparak.am-ին ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Վարույթ էդքան հեշտ չի ընդունվում, մեզ մոտ գործերը, որ ընդունվում են, դրանք մակագրվում են դատավորներից մեկին կամ մի քանիսին, դիմումի նախնական ուսումնասիրություն է իրականացվում, որից հետո դատավորների ներկայացրած հաղորդման հիման վրա աշխատակարգային կարգով դատարանը որոշում է կայացնում վարույթ ընդունելու կամ մերժելու մասին»,-ասաց պարոն Ղազարյանը։

Ի դեպ, երեկվանից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորներից Արևիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ, որը, ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավարի՝ հերթական արձակուրդ է, իրենք պարզապես նպատակահարմար են համարել հիմա գնալ։ Իսկ նրանց՝ արձակուրդ գնալը կարո՞ղ է որևէ կերպ ազդել Սահմանադրական փոփոխությունների մասին վերջերս ընդունված օրենքի կիրառման վրա, որով Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չպիտի լինի, Էդգար Ղազարյանն հիշեցրեց, որ Ազգային ժողովն ընդունել է օրենք Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին։
«Բայց մեր Սահմանադրության մեջ ի՞նչ է ասվում, ասվում է՝ ՍԴ-ի լիազորությունները սահմանվում են օրենքով, իսկ ՍԴ-ի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով։ Այսինքն, եթե պառլամենտը կատարել է փոփոխություն, դեռ չենք քննարկում դրա օրինականությունը, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է, դա նշանակում է, որ պետք է դրանից հետո նաև փոփոխություններ կատարվեն՝ դրան համապատասխանեցնելու համար այլ օրենքներում»,-ասաց պարոն Ղազարյանը՝ հիշեցնելով դարձյալ, որ այդ փոփոխությունները չեն կատարվել, ուստի ՍԴ-ի մասին այս պահին առկա օրենքը գործող օրենք է։
Ըստ այդմ՝ իրենց դատավորներն ու իրենք՝ որպես աշխատակազմ, շարունակում են առաջնորդվել գործող օրենքով։

error20