Բայդենը կոչ է արել նախքան սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Նյու Յորքի նահանգապետի հրաժարականի հարցը քննարկելը, սպասել հետաքննության ավարտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ նպատակահարմար է սպասել սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի նկատմամբ հետաքննության ավարտին և միայն դրանից հետո քննարկել նրա հրաժարականի հարցը, հաղորդում է CNN-ը։

Ես կարծում եմ, որ մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչի կհանգեցնի հետաքննությունը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Նշենք, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսում Նյու Յորքից ընտրված երկու սենատոր Չաք Շումերն ու Քրիստեն Ջիլիբրանդը Կոնգրեսի մի շարք այլ անդամների հետ դիմել էին Նյու Յորքի նահանգապաետ Էնդրյու Կուոմոյին` կոչ անելով հրաժարական տալ: Հրաժարականի կոչին են միացել ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սակայն Կուոմոյին ուղղված կոչը պայմանավորված է ոչ միայն սեռական բնույթի մեղադրանքերով, այլև նրա վարչակազմի`կորոնավիրուսային համավարակի ընթացքում Նյու Յորքի  ծերանոցներում զոհերի իրական թիվը թաքցնելու կասկածներով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Օրենսդիր ժողովի ստորին պալատի պրոֆիլային կոմիտեն հետաքննություն կանցկացնի, որպեսզի գնահատի՝ արդյոք բավարար հիմքեր կան Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին լիազորություններից զրկելու համար։

Ընթացակարգը կարող է դառնալ նահանգապետին իշխանությունից հեռացնելու գործընթացի առաջին քայլը․ դրան կողմ են արտահայտվել նահանգի Օրենսդիր ժողովի շատ անդամներ, այդ թվում՝ դեմոկրատները։

Հիշեցնենք, որ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար:Եվս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել էր անվայել պահվածքի համար։ Վերջինս հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։

error20