Անհրաժեշտ է վերականգնել Երիտասարդության պալատը

2006 թվականին քանդվեց Երեւանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Երիտասարդական պալատը, որի տարածքը ժամանակի ընթացքում վերածվեց գործող հսկայական քարհանքի: Տարածքի սեփականատերը գործարար Էդիկ Ավետիսյանն է, ով այստեղ մեծ համալիր կառուցելու պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր։ Սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարությունը չիրականացվեց, իսկ տարածքը մնաց անխնամ եւ բարձիթողի վիճակում։Երիտասարդական պալատի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը դեռ մեկ տարի առաջ նախաձեռնություն սկսեց, որով պահանջում էր նույնությամբ կառուցել եւ երիտասարդությանը հանձնել երեւանցիների սիրելի «կուկուռուզնիկը»։ Թարխանյանն ասում է, որ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը բազմաթիվ անգամ արվել է ու առաջարկվել, վերջերս էլ այն 3D տարբերակով հանրությանը ներկայացրեց իր ֆեյսբուքյան էջով։«Բազմաթիվ համաշխարհային մեծության ճարտարապետներ անդրադարձել են Երիտասարդական պալատին եւ վերջերս այսպիսի մի հայտարարություն արեցին, որ Երիտասարդական պալատը քանդելը հավասարազոր էր Էյֆելյան աշտարակը քանդելուն։ Եվ, իհարկե, այսօր անհրաժեշտ է վերականգնել Երիտասարդական պալատը, որն անօրինական ձեւով սեփականաշնորհվեց ինչ-որ մտովի ձեւավորված պարտքերի դիմաց, եւ որեւէ հիմքեր չկային քանդման համար»,- ասում է Թարխանյանն ու ընդգծում, որ այն մեր համաքաղաքացիների կողմից շատ սիրված էր, որովհետեւ մեր ինքնահաստատման խորհրդանիշն էր, որը, սակայն, բռնեցինք եւ քանդեցինք։
Երիտասարդական պալատը ժամանակին ծառայում էր հարթակ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Սովետական Միությունից եկած տարբեր ազգության երիտասարդների համար։ Ըստ Թարխանյանի, այսօր այս խնդիրն ավելի քան արդիական է, որովհետեւ ունենք համայն հայության երիտասարդներին միավորելու խնդիր, ովքեր ամեն տարի գալիս են հայրենիք, մնում տարբեր հյուրանոցներում, որոնց համար մեծ դժվարությամբ առանձնացնում են տարածքներ, սպորտային դահլիճներ։
«Իսկ մենք ի՞նչ արեցինք՝ վերցրեցինք, հնարած պատճառներով, քանդեցինք շենքը, երկար տարիներ այդտեղ անօրինական գործունեություն տեղի ունեցավ, որին դեռ դատախազությունը չի անդրադարձել։ Հետո ինչ հիմքերով այդ մարդը գնեց պալատի տարածքը, պայմանագրում գրված էր, որ 5 մլն դոլար ներդրումային ծրագիր պետք է իրականացնի՝ շենքն արդիականացնելու եւ ոչ թե քանդելու համար, բայց նա շենքը քանդեց ու դրա ընթացքում բազմաթիվ գումարներ վաստակեց եւ երկար տարիներ քաղաքի կենտրոնում առանց լիցենզիայի խախտելով բոլոր սանիտարական նորմատիվները՝ աշխատեցրեց բազալտի ցեխ, որից գիտեք, թե ինչպիսի փոշի է բարձրանում, երբ բազալտն աղում են։ Ու այդ ամենը մեր բոլորի քթի տակ, բազմաթիվ ահազանգեր են եղել, եւ առայսօր պետությունը չի կարող հիմքեր գտնել, թե ինչպես կարող է այդ տարածքը վերցնել այդ մարդու ձեռքից»,- ասում է ճարտարապետն ու ընդգծում, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի մեկը մեկին, «որովհետեւ նրա կառուցումով մենք մտանք միջազգային ճարտարապետություն ունեցող պետությունների շարքը, որոնք որ ունեին ամենաարդիական եւ տեխնոլոգիաներով հագեցված շենքերից մեկը, մի պետություն, որը կարող էր այդպիսի շինություններ կառուցել։
Նա դեռ չի կարող ասել, թե ինչքան կարժենա Երիտասարդական պալատի վերակառուցման ծրագիրը, նախահաշվարկ անելուց հետո կանեն նաեւ նախագծի շնորհանդեսը։ ««Վերականգնենք Երիտասարդության պալատը» նախաձեռնությունը հիմնադրվեց անցյալ տարի, առաջիկայում մենք նորից կանդրադառնանք այս թեմային եւ կներկայացնենք թե ինչպիսի գումարներ են անհրաժեշտ այն վերակառուցելու համար։ Չեմ կարծում, որ պետք է նոր մրցույթ հայտարարվի։ Բազմաթիվ նախագծեր կան, մինչեւ հիմա արված եւ բոլորը, միանշանակ, իմ կողմից մերժված են»,- ասում է Թարխանյանն ու նկատում, որ չի պատկերացնում այդ տարածքում ճարտարապետական որեւէ այլ լուծում՝ նախկինից տարբերվող։
Ճարտարապետ Մերի Չալիկյանի ներկայացրած նախագիծն իր մագիստրոսական ավարտական աշխատանքն է, որը Նիժնի Նովգորոդում կայացած երիտասարդ ճարտարապետների ամենամյա մրցույթում երկրորդ մրցանակի է արժանացել: Նախագիծը հետաքրքիր է նրանով, որ Երիտասարդական պալատի տարածքում այլ՝ տարբերվող լուծում է տվել։ «Բոլորի աչքը սովոր էր այդ տարածքում բարձր էլեմենտ տեսնել, ու երբ առաջարկեցի, որ այստեղ ցածր կառուցապատում պետք է իրականացնել, իմ կողմնակիցների բանակը շատ քիչ էր։ Բայց երբ ես քայլում էի քաղաքում, տեսնում էի, որ այդ տարածքն այնքան էլ դոմինանտ դիրք չի զբաղեցնում քաղաքի նկատմամբ, քանի որ դրանից վերեւ գտնվում է Մայր Հայաստանի արձանը։ Այսինքն՝ ավելի բարձր կետ ունենք, ու, իմ կարծիքով, սկսում էին վիճել Մայր Հայաստանի արձանն ու այդ տարածքում դրված դոմինանտ էլեմենտը։ Ես փորձեցի բլուրի նախնական տեսքը վերականգնել, այսինքն՝ վերականգնել լանդշաֆտի նախնական տեսքը, նախագծի մեջ երեւում է, որ այն կարծես ձուլված լինի լանդշաֆտին, որեւէ դոմինանտ ծավալ չկա»,- ասում է Չալիկյանն ու հավելում, որ իր բոլոր նախագծերի մեջ փորձում է ինչ-որ մի խնդիր լուծել եւ ոչ վերացական թեմա ընտրել․ «Բավականին բարդ նախագիծ էր, որովհետեւ այդտեղ ժամանակին եղել է Երեւանի սիմվոլներից մեկը։ Ուսանող, որը փորձում է նոր բան առաջարկել, բավականին բարդ խնդիր էր ինձ համար, ու ավելին ասեմ՝ շատ մեծ դժվարությունների միջով եմ անցել»։

error20