Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր: 1995թ.-ի նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք:
Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

Սահմանադրության մեջ 2005թ.-ի նոյեմբերի 27-ին ՀՀ հանրաքվեով կատարվել են մի շարք փոփոխություններ: Անփոփոխ են մնացել միայն 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Երկրորդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։
Սահմանադրության 114-րդ հոդվածն արգելում է փոփոխման ենթարկել 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
Նշենք, որ ՀՀ սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված:

error20